Մեր հավատամքի կողմնորոշումներն են․

  1. Աստվածաբանության մեջ – Արմատական

Հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսի առաքյալների կողմից տրված Եկեղեցու հիմնային վարդապետությունները, ունիվերսալ և անփոփոխ են բոլոր մարդկային խմբերի ու ժամանակների համար։

Դրանց թվում են՝

  1. Հիսուս Քրիստոսի լիարժեք Աստված և լիարժեք մարդ լինելը, 
  2. Աստծո Եռամեկ բնությունը,
  3. Աստվածաշնչի անթերիությունը և բացարձակ հեղինակությունը վարդապետության, հայտնությունների և փորձառությունների հանդեպ,
  4. Հավատացյալների՝ միայն Աստծո շնորհքով փրկությունը,
  5. Եկեղեցու՝ որպես Աստծո ընտանիքի և Երկրի վրա միակ գործավորի ճանաչումը,
  6. Ամուսնության աստվածային կարգի անխախտությունը, որ է մեկ այրի և մեկ կնոջ ցմահ միությունը սիրով։
  7. Անհատների բնածին սեռական ինքության ճանաչումը և այլոց հետ սուրբ փոխարաբերությունների հաստատումը

Այլ հարցերը, որոնք վերաբերվում են եկեղեցիների գործառույթներին, պաշտանմունքի ձևերին, կառուցվածքին, անձանց անհատական կամ սոցիալական կենսավարության խնդիրներին, ազատ են կրելու ժամանակի խելամիտ մոտեցումները՝ չհակասելով սուրբգրային սկզբունքներին։

  • Փրկաբանության մեջ – Արմինիանիստական

Հավատում ենք, որ անհատի փրկությունը ամբողջովին իրականացնում է Աստված, ելնելով Իր կանխագիտությամբ արված ընտրությունից, Խաչի վրա Իր Որդու՝ Հիսուսի կատարած փրկչագործությունից, Սուրբ Հոգու մեղավորներին ապաշխարության մղելու և դրան մարդու ինքնակամ արձագանքից։ 

  • Վախճանաբանության մեջ – Միլիենիալիստական

Հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսը կվերադառնա տեսանելի և Հոր փառքով Իր եկեղեցու հալածանքի և նեղությունների ժամանակ, հարություն կտա ի Տեր ննջածներին և կնորոգի երկրի վրա իրեն սպասողների մարմինները իր փառավոր մարմնի նմանությամբ, կդատի ազգերը և կվարձատրի իր ծառաներին, կնորոգի այս երկիրը և կթագավորի նրա վրա հազար տարի։ Հավատում ենք, որ Թագավորությունից հետո կլինի մարդկային վերջին ապստամբությունը, Աստծո մեծ Դատը ու նոր և անապական աշխարհի ստեղծումը։ 

  • Կոչումների և պարգևների առումով  – Շարունակական

Հավատում ենք․ որ եկեղեցին դեռ չի հասել իր կատարելությանը, ուստի բոլոր կոչումները ու պարգևները շարունակում են տրվել Քրիստոսի մարմնի շինության, հավատացյալների ծառայության ու կատարելագործման և Աստծո նպատակները երկրի վրա իրականացնելու համար։

  • Սեռային էթիկայում – Կոմպլեմենտար

Հավատում ենք, որ Աստված մարդուն արարեց Իր պատկերով և նմանությամբ՝ տղամարդ և կին, նրանց տալով նույ արժեքը և ընդհանրական առաքելությունը ընտանիքում, հասարակությունում և եկեղեցում։ Միևնույն ժամանակ, տղամարդը և կինը ստեղծված են իրարից տարբեր ֆիզիկական, զգայական, մտային և ֆիզիոլոգիական կարողություններով և դերերով։